Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ս. Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է: Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին, սակայն անմիջապես չի հետևում Տիրոջ պագամին: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։
Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը` Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ: Սարսափահար Հովնանն աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո Աստծո կամոք ազատվում բանտարկությունից:
Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին` Հովնանը մեկնում է Նինվե: Սկսելով իր քարոզը` նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին: Ունկնդիր լինելով Ս. Հովնանի մարգարեությանը, սպասվածին հակառակ, Նինվեի բնակիչները` մեծից փոքր, անգամ թագավորը, պահք են պահում և ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի քաղաքը վերահաս կործանումից:
Հայ Առաքելական եկեղեցում Հովնան մարգարեի հիշատակության օրը մշտապես նշվում է առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը: