Օլիվեր Բոլդուինի վկայությունները մեր պատմության կարևոր ժամանակահատվածներից մեկի մասին. տեղի ունեցավ «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գրքի շնորհանդեսը
Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Օլիվեր Բոլդուինի «Վեց բանտարկություն և երկու հեղափոխություն» գրքի շնորհանդեսը: Այն առաջին անգամ հրատարակվել է 100 տարի առաջ և միայն հիմա «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ ընթերցողին ներկայանում է հայերեն թարգմանությամբ: Ինչպես փաստեցին ներկաները, հայ հասարակությունում շատերը գուցե առաջին անգամ լսեն Օլիվեր Բոլդուինի՝ Անգլիայի եռակի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդու մասին: 1920 թ.-ի աշնանը ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի հրավերով նա գալիս է Հայաստան և որպես փոխգնդապետ ծառայության անցնում հայկական բանակում: Ականատես է եղել 1920 թ.-ի հայ-թուրքական պատերազմին, ինչպես նաև Հայաստանում խորհրդային իշխանության հաստատմանը։ Այդ ընթացքում բանտարկվել է, Երևանի բանտից ազատվելուց որոշ ժամանակ անց մասնակցել 1921 թ. Փետրվարյան ապստամբությանը։ Օլիվեր Բոլդուինի հենց այս ժամանակահատվածի մասին հուշերն են ամփոփված գրքում:
Շնորհանդեսի մեկնարկին «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, անդրադառնալով գրքին, մեջբերում է նախաբանի հեղինակ Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքը` գիրքը կատարյալ անծանոթների հանդիպում է: «Օլիվեր Բոլդուինի և հայ հանրության հանդիպումը կատարյալ անծանոթների հանդիպում է: Երբ գիրքն ընտրեցինք թարգմանության համար, երեք հիմնական պատճառ կար: Գիրքը գրվել էր ականատեսի կողմից, իսկ ականատեսների փոխանցած տեղեկություններն ավելի արժեքավոր են: Երկրորդ` գիրքը գրվել էր օտարերկրացու կողմից, օտարերկրացու հայացքով են ներկայացված բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 1920 թ.-ի վերջին և 1921 թ.-ի սկզբին Հայաստանում, մեզ համար կարևոր էր, որ այդ իրադարձությունները ներկայացվեին հայ ընթերցողին:
Երրորդ և ամենակարևոր պատճառն այն է, որ հեղինակը ոչ միայն օբյեկտիվ օտարերկրացու հայացքով նկարագրել է մեր իրականությունը, այլ նաև օբյեկտիվ է սեփական երկրի վարած քաղաքականության նկատմամբ: Գրքում շատ քիչ հատվածներ կան, որտեղ Բոլդուինը սեփական երկրի քաղաքականությունը չի քննադատում: Մի կողմից՝ օտարերկրացու օբյեկտիվ հայացքն է մեր իրականության, մյուս կողմից՝ սեփական երկրի վարած քաղաքականության նկատմամբ, ինչը գիրքն իրապես արժեքավոր է դարձնում: Այս երեք հանգամանքն էր, որ մեզ համոզեցին` գիրքն արժանի է թարգմանության և 100 տարի անց հայ ընթերցողին ներկայանալու»,-նշում է Բարսեղյանը:
Նրա խոսքով, ոչ միայն գրքի ու հայ հանրության հանդիպումն է կատարյալ անծանոթների անալոգիային համապատասխանում, այլ նաև հայ-բրիտանական հարաբերությունները: «Մեր պատմության որոշակի ժամանակահատվածներում առկա են եղել համագործակցության առնչություններ, որոնց մասին մեր հանրությունը տեղյակ չէ: Առկա ընդհանուր կարծիքն իրականությունից բավականին մեծ շեղումներ ունի: Հայ-բրիտանական համաժողովը, որը նախատեսվում է անցկացնել 2023 թ.-ի գարնանը, նպատակ ունի եղած պատկերացումների և իրականության միջև առկա ճեղքվածքը կամրջել և հանրության պատկերացումները մոտեցնել իրականությանը: «Կողբ» հիմնադրամի կողմից այս գրքի թարգմանությունը և հայ-բրիտանական համաժողովի նախաձեռնումը փոքր քայլեր են հայ-բրիտանական համագործակցությունը զարգացնելու համար»,-եզրափակեց Բարսեղյանը:
Պատմաբան, գրքի նախաբանի հեղինակ Հրանտ Տեր-Աբրահամյանը ներկայացրեց «Հակաբրիտանական քարոզչության կաղապարը ռուսական, սովետական, սովետահայ պատմագիտությունում և հետսովետական Հայաստանում» թեմայով զեկույց, պատասխանեց ներկաների հարցերին: Գրքի մասին խոսելով վերահաստատեց` այն արժեքավոր է, կարևոր աղբյուր է: «Ականատեսի վկայություններն են մեր պատմության ամենակարևոր շրջաններից մեկի մասին: Մինչև հիմա գիրքն անծանոթ է եղել Հայաստանում: Ինքս հետևում եմ այդ շրջանի գրականությանը, սակայն այս գրքին ծանոթ չեմ եղել: Հատկանշանական է, որ գիրքն այս պահին է հրատարակվում, երբ Հայաստանի շուրջ շրջադարձային իրադարձություններ են տեղի ունենում, կարևոր է մեր առնչությունը մեր անցյալի հետ: Պատմությունը երբեք բառացի չի կրկնվում, բայց կրկնվում են մոդելները և մեր պատմության այդ ժամանակահատվածին վերաբերող վկայությունները շատ կարևոր են»,-ասաց Աբրահամյանը:
Գրքի թարգմանիչը Լեոնիդ Զիլֆուգարյանն է, խմբագիրը` Լեռնիկ Դալլաքյանը:
Լուսինե Առաքելյան