2050 թվականին՝ Երկրում ու Մենդորիում մոլորակում. «Հավալուսն»՝ հայ գրողի գիտաֆանտաստիկ վեպը
Հոկտեմբերի 21-ին Երևանի «Լոֆթ» ակումբում տեղի ունեցավ Սերգեյ Մանուկյանի «Հավալուսն» գիտաֆանտաստիկ ժանրի վեպի շնորհանդեսը։
Վեպի իրադարձությունները ծավալվում են 2050 թվականին։ Հերոսը երիտասարդ գիտնական Միքայելն է, որին հաջողվել է դեղամիջոց գտնել P5M2 վիրուսի դեմ, որը չի խնայում ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիներին: Հեղինակը նկարագրում է նրա կյանքն ու գործունեությունը միաժամանակ երկու մոլորակներում՝ Երկրում, որտեղ տեխնոլոգիաները հինգերորդ արդյունաբերական հեղափոխության հետևանքով այնքան են զարգացել, որ մարդը խիստ հեռացել է բնությունից՝ աղետալի վիճակի հասցնելով մոլորակը, և Մենդորիում՝ կանաչ ու գեղեցիկ մոլորակում, որի բնակիչներն ապրում են բնությանը ներդաշնակ՝ անխախտ պահպանելով տիեզերական հավասարակշռության կանոնները:
Երկրի և Մենդորիի հակադրությամբ և խորհրդանշական պատկերների միջոցով հեղինակն անդրադառնում է հասարակական, տնտեսական, բարոյական, հավատքի, բնապահպանական արդիական խնդիրներին:
Շնորհանդեսի ժամանակ երտասարդ գրողին ներկայացրեց հաղորդավար Անահիտ Բեկյանը։ Իսկ հետաքրքիր այս նորարարական վեպի մասին խոսեց բանախոս Նատալի Գոնչարը։ Ինչպես հորդորում է վեպի հերոսը, հետևե՛ք ձեր սրտի թելադրանքին ու չթողնե՛ք, որ վախը բույն դնի հոգու մեջ․․․
Հավելենք, որ Սերգեյ Մանուկյանի «Հավալուսն» գիտաֆանտաստիկ վեպը կարելի է ձեռք բերել Երևանի բոլոր գրախանութներից։