Հայաստանյան ընդդիմությունը, միավորվելու փոխարեն, պառակտվում է
Մինչ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանին հանձնել Տավուշի 4 գյուղերն ու կրկին առաջ է մղում իր ձախողված խաղաղության օրակարգը, հայաստանյան ընդդիմությանը չի հաջողվում իրական և բովանդակային քայլեր անել՝ միավորվելու գործող իշխանություններին տապալելու համար, ընդհակառակը, առանց այն էլ համերաշխությամբ չգործող ընդդիմությունը պառակտման նոր նշաններ է ցուցաբերում։
Հատկապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները` սոցիալական ցանցերում Փաշինյանին քննադատելու փոխարեն, անցել են միմյանց քննադատելու, տարատեսակ մեղքերի մեջ իրար մեղադրելու նախկինում ձախողված պրակտիկային։
Այն, որ որևէ մեկը սուրբ չէ և կարելի է ցանկացած մեղադրանք առաջադրել , գաղտնիք չէ։ Միևնույն ժամանակ երկրի առջև ծառացած ծանրագույն սոցիալ-տնտեսական խնդիրները ընդդիմությանը պետք է ստիպեն ոչ թե պառակտվել և ի ցույց դնել առկա հակասությունները, այլ ընդհակառակը` միավորվել, իշխանության ղեկից քշել գործող վարչախմբին, որից հետո մտածել երկիրը զարգացման նոր ռելսերի վրա դնելու մասին։
Իսկ ներկայումս հավաքական ընդդիմության վարած քաղաքականությունն, ավելի շուտ, հանրության շրջանում տպավորություն է ստեղծում, թե ամենն ուղղորդվում է գործող իշխանությունների կողմից և բխում է նրանց շահերից։ Օր առաջ հարկավոր է մի կողմ դնել բոլոր հակասություններն ու անցնել իրապես լուրջ պայքարի` գործող իշխանությունների դեմ։ Առանց դրա Հայաստանի վերածնունդն անհնար է։
Լիկա Մազմանյան