ԱՄՆ-ում շատ բարդ է, բայց ինձ համար սա մոտիվացնող գործընթաց է. Միհրան Հարությունյանը՝ հունահռոմեական ըմբշամարտը թողնելու, MMA տեղափոխվելու մասին
Tert.am-ի զրուցակիցը հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական արծաթե մեդալակիր, եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Հայաստանի և Ռուսաստանի չեմպիոն, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին և երկրորդ աստիճանի մեդալակիր Միհրան Հարությունյանն է: Մարզիկը երկար լռությունից հետո Tert.am-ին պատմել է հունահռոմեական ըմբշամարտը թողնելու, MMA տեղափոխվելու, կարիերայի ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին:
- Միհրան, Դուք բավականին երկար ճանապարհ եք անցել հունահռոմեական ոճի ըմբշամարտում և հանկարծ որոշել եք թողնել այն և անցում անել MMA-ի: Ինչո՞ւ:
- Անկեղծ ասած՝ ինձ ամեն անգամ խանգարում էին թե՛ Եվրոպական խաղերի, թե միջազգային մրցաշարերի, թե՛ օլիմպիական խաղերի ժամանակ: Գողանում էին այն, ինչն ինձ էր պատկանում և ամեն անգամ խանգարում էին տուն բերել այն, ինչն օրենքով իմն էր: Եթե ես վատ ներկայանայի, ապա անկեղծորեն դա կխոստովանեի ու այդքան չէի նեղսրտի, բայց ես ամբողջ կյանքում քրտնաջան աշխատել եմ, որ հասնեմ ինձ համար այդքան կարևոր 5 օղակներին (օլիմպիական մեդալ - Tert.am), բայց փաստացի ես օլիմպիական ոսկե մեդալակիր չեմ: Ես չգիտեմ՝ հետագայում արժե նորից փորձել, բացի դա, կոպիտ ասած, ֆինանսապես էլ չեմ կարող ամբողջ ընթացքում ոչինչ չանել ու գնալ միայն այդ նպատակին ընդառաջ: Իսկ MMA-ում ես կարողանում եմ ինձ դրսևորել ավելի դժվար ու նոր տեսակի սպորտաձևում։ Այստեղ՝ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու լինելով, ինձ վստահ եմ զգում, քանի որ մեջքիս հետևում կա մի թիմ, որ միշտ սպորտի զարգացման կողմնակիցն է։ Մարզիկի համար ֆինանսական կայունությունը կարևոր է, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ սպոտի վրա։ Ու այսօր ես այս կայունությունը ունեմ TotoGaming-ի շնորհիվ, որ չնայած մի շարք հարցերի միևնույնն է կողքիս մնաց։ Այնպես, որ ես պլանավորում եմ իմ պատմությունը կերտել այս սպորտաձևում։
- Արդյոք երբեմն ափսոսանքի զգացողություն ունենում եք կայացրած որոշման համար:
- Անկեղծ ասած՝ այո, երբեմն ցանկանում եմ այս ամենը թողնել ու վերադառնալ, պատրաստվել օլիմպիական խաղերին, բայց չգիտեմ…դրանք դեռևս մտքեր են: Գուցե պետք է այդ մտքերին հետևել, բայց այս պահին ունեմ 3 մարտի վերաբերյալ ստորագրված պայմանագիր, բացի դա ինձ դուր է գալիս, այն, ինչով զբաղվում եմ: Ես ամեն օր նոր բան եմ սովորում, ինձ դուր է գալիս այս սպորտաձևի բարդությունը, շատ քիչ մարդիկ կան այս ոլորտում, նույնիսկ կարելի է մատների վրա հաշվել նրանց, ովքեր 30 տարիների ընթացքում հաջողությունների են հասել: Իսկ ինձ մոտ վատ չի ստացվում, այնպես որ, ես կփորձեմ այս սպորտում իմ սեփական պատմությունը կերտել ու հուսով եմ՝ կստացվի:
- Խոսենք այս փոփոխության դժվարությունների մասին:
- Այո, ճիշտ նկատեցիք, անչափ դժվար է սպորտային այս փոփոխությունը: Ամբողջ կյանքում զբաղվել եմ ըմբշամարտով ու այս սպորտաձևում՝ ոտքեր, ծնկներ, եղունգներ… ամեն ինչ օգտագործվում է, չես հասկանում՝ ինչպես պաշտպանվել: Շատ բարդ է, բայց ինձ համար սա մոտիվացնող գործընթաց է: Բավականին շատ մարդիկ կան, որոնք կասկածում են, չեն ցանկանում, որ ես ինքս ինձ ճանաչեմ, ինքնաիրացվեմ այս սպորտաձևում, բայց ես կփորձեմ իմ սկսած ճանապարհը հաջողությամբ անցնել ու հասնել այն մակարդակին, որ չփոշմանեմ որևէ բանի համար:
- Մարզիկների ուղին բավականին բարդ է ու այսօր դրան գումարվել են նաև քաղաքականության առաջացրած բարդությունները: Մասնավորապես խոսքս ռուս մարզիկներին վերաբերող արգելգների մասին է: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին, որ ռուս մարզիկներին թույլ չեն տալիս միջազգային մրցաշարերի մասնակցել:
- Դե դա շատ անարդար է: Մրցակցությունը շատ թույլ է հիմա, չկան ռուս, բելառուս մարզիկներ: Էլ ինչ մրցաշար՝ առանց սպորտաձևի լիդերների: Դա արդեն հետաքրքրությունը, մրցակցությունը թուլացնում է: Չես կարող լինել լիարժեք չեմպիոն, եթե չեն մասնակցում սպորտաձևի ամենաուժեղագույնները: Մինչև նրանք չվերադառնան մրցադաշտ, իրական հետաքրքրություն ու մրցակցություն չի լինի:
Մարզիկկների համար շատ վիրավորական կլինի, եթե մինչև օլիմպիական խաղերը չհարթվի այս խնդիրը: Հասկանալի են սանկցիաները, բայց ինչպես կարելի է խառնել սպորտը քաղաքանանության հետ:
- Եվրոպայի առաջնությունում ինչպե՞ս եք գնահատում հայ ըմբիշնեերի ելույթները:
- Հրաշալի են ելույթները, ինչպես է հնարավոր այլ կերպ գնահատել. տեսեք՝ որքան շատ մեդալ նվաճեցին: Ու այստեղ արդեն խնդիրը նրանում չէր, որ ռուսները չկային, մեր տղաները բավական երկար ժամանակ է՝ լավագույն եռյակներում են: Դա խոսում է այն մասին, որ այս մեդալները պատահական չեն: Նրանք ճիշտ ուղղությամբ են աշխատում, ինչն ինձ շատ է ուրախացնում, և ուշադիր հետևում եմ նրանց ելույթներին: Ես էլ եղել եմ այդ կազմում, անցել եմ նույն ճանապարհով, ինչպես կարող եմ չգնահատել նրանց ջանքը կամ ասել, որ դա շատ հեշտ է:
- Միհրան մենք բավականին շատ հարցերի անդրադարձանք, որոնք Ձեզ ստիպել են կտրուկ որոշումներ կայացնել, խոսեցինք դժվարությունների մասին: Կա՞ որևէ բան, որի համար զղջում եք:
- Իմ կյանքի ճիշտ որոշումերից մեկն է եղել տեղափոխվել Հայստան ու ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո: Դրանում ինձ աջակցեց ու ուղղորդեց իմ կնքահայրը՝ Ռուբեն Թաթուլյանը, ով նաև իմ մարզիչն է: Ես իմ բոլոր ուժերը ներդրեցի Հայսատանյան թիմում ելույթ ունենալու համար ու ամեն անգամ, երբ որևէ արդյունք էի ունենում, շատ էի հպարտանում:
Հետո սկսվեցին համագործակցությունները հայաստանյան ընկերությունների հետ, որոնք մարզիկի կյանքում նույնպես կարևոր են։
Դրանցից մեկը՝ TotoGaming բրենդի սպորտի ամբասադոր դառնալն էր, որի շրջանակներում ընկերության հետ հասցրինք անվանական կրթաթոշակ սահմանել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լավագույն ուսանողների համար, այսպիսով օգնելով երիտասարդ մարզիկներին կերտել իրենց ուղին։ Ինչպես նշեցի, ուրախ եմ որ TotoGaming-ը դեռ իմ կողքին է, հիմա որպես մարզիկի։ Ինչպե՞ս կարող եմ այս ամենի համար զղչալ։
Կարծում եմ՝ օրհնված եմ, այն բանի համար, որ հիմա չեմ զղջում: Իսկ վերջին տարիների ճգնաժամերը, վայրիվերումները ոչ միայն անխուսափելի էին, այլև անհրաժեշտ էին: Ես հաղթահարեցի դրանք ու յուրաքանչյուր մարզիկ ազնվությամբ պետք է անցնի դրանց միջով: Դժվարություններով անցելն ինձ հաջողվում է ու կհաջողվի ապագայում, որովհետև դա ստիպում է ողջ զգալ ինքդ քեզ, հաղթահարել ամեն ինչ: Իմ դրոշը, իմ հայրենիքն ու իմ ազգանունը, որն ավարտվում է յան-ով ամենակարևորն են ինձ համար։