Էդուարդ Վուլֆսոն. «Խաչատրյանի անվան մրցույթի անցկացումը հիանալի հարգանքի տուրք է մեծ կոմպոզիտորի ստեղծագործությանը»
«Արամ Խաչատրյանի երաժշտության մեծությունը դրա ունիվերսալությունն է, ստեղծագործությունների բազմազանությունը և դրանցում առկայծող մարդասիրությունը։ Նրա արվեստը միանշանակ հայ և համաշխարհային դասական երաժշտության գանձերից է։ Ահա թե ինչու Խաչատրյանի անվան մրցույթը շատ կարևոր է ինձ համար։ Այն նաև ճանաչված է ամբողջ աշխարհում, և Խաչատրյանի անվան մրցույթի անցկացումը Հայաստանում հիանալի հարգանքի տուրք է մեծ կոմպոզիտորի ստեղծագործությանը»,- Արամ Խաչատրյանի անունը կրող մրցույթի մասին իր կարծիքն այսպես է արտահայտում Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը։
Նշենք, որ խաչատրյանական մրցույթն այս տարի անցկացվելու է թավջութակ մասնագիտությամբ։ Այն ամեն տարի մեկնարկում է հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։
Ժյուրիի նախագահը նշում է, որ իր հիմնական ակնկալիքը երաժշտական այս ստուգատեսից բարձրակարգ մասնակիցների տեսնելն է. «Ինչպես իմ սիրելի գործընկերները, այնպես էլ ես անհամբերությամբ սպասում ենք մրցույթին` ողջունելու և լսելու տաղանդավոր երաժիշտների և նոր սերնդի թավջութակահարների»:
Խոսելով մրցույթի ընթացքում ժյուրիի գնահատման չափանիշների մասին՝ Էդուարդ Վուլֆսոնը նկատում է, որ մեծ ուշադրություն է դարձվելու վիրտուոզությանը, երաժշտության հասուն և խորը մեկնաբանմանը: Նա խորհուրդ է տալիս երիտասարդ թավջութակահարներին լինել տեխնիկապես այնքան լավ պատրաստված, որպեսզի կատարումը հնչի ամենազգացմունքային կետից:
Էդուարդ Վուլֆսոնը նշում է, որ հունիսին առաջին անգամ է այցելելու Հայաստան։ Թեև երաժիշտը մեր երկրում չի եղել, սակայն ծանոթ է հայկական երաժշտությանը. «Ես ծանոթ եմ հայ դասական երաժշտությանը և ստեղծագործությունների, որոնց հեղինակն են այնպիսի հանճարներ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և այլք»։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան մջազգային մրցույթը հիմնադրվել է 2003թ.-ին։ Կարճ ժամանակում ընդլայնման և միջազգային ճանաչման շնորհիվ այն 2013 թվականին դարձել է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ: Մրցույթը նպատակ ունի բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, նրանց տալ մասնագիտական առաջընթացի հնարավորություն, ինչպես նաև աշխարհում է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։
Արդեն 18-րդ անգամ անցկացվող մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Ի դեպ, այս տարի աջակիցների շնորհիվ դիմորդներին հնարավորություն է տրվել մասնակցելու առանց մասնակցության պարտադիր վճարի: Թավջութակահարները իրենց հայտերը կարող են ներկայացնել մինչև մայիսի 10-ը։ Դիմելու կարգի և մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ http://khachaturian-competition.com/ կայքում։