Բաքուն ոչնչացնում է հայկական գերեզմանները՝ մնացորդները ներկայացնելով որպես «ադրբեջանական». Բաբայան
Պաշտոնական Բաքուն կրկին դիմել է իր սիրած ռազմավարությանը՝ մեկ գործողությամբ մի քանի նպատակի հասնելուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում տարածվող վարկածը Քարագլխի բարձունքում «ադրբեջանցի զինվորների» գերեզմանոցի հայտնաբերման մասին:
«Վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ներում ակտիվորեն ինչ-որ կեղծ լուսանկարներ են շրջանառվում, որոնցում իբրեւ թե պատկերված են կա՛մ Արցախյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների, կա՛մ այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության զոհերի» գերեզմանոցները: Իբրեւ թե այդ մնացորդները պատկանում են մարդկանց, որոնք զոհվել են «հայ ավազակների» ձեռքով առաջին պատերազմի ժամանակ: Դա ապատեղեկատվություն և սուտ է: Փառուղ գյուղի մերձակայքում եւ Քարագլխի լանջերին հնագույն ժամանակներից ի վեր բնակավայրեր են եղել: Այնտեղ կան հայկական միջնադարյան եկեղեցիներ, 10-14 դդ. գերեզմանոցներ: Ադրբեջանցի զինվորները ոչնչացնում են հայկական տապանաքարերը, իսկ մնացորդները ներկայացնում են որպես «ադրբեջանցիների» մնացորդներ»,- ընդգծել է Բաբայանը:
«Այսպիսով, պղծելով եւ ոչնչացնելով հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում. վերացնում է հայերի հնագույն ներկայության ապացույցը եւ երկրորդ, փորձում է դա ներկայացնել որպես «ադրբեջանցիների մնացորդներ»: 10-րդ դարում այդ հողում նույնիսկ թուրքեր չեն եղել, նրանք շատ ավելի ուշ են հայտնվել: Միեւնույն ժամանակ փորձեր են արվում շեղելու միջազգային հանրության ուշադրությունը՝ ոչ մի փաստացի տվյալ չտրամադրելով: Իրականում նույնիսկ ուսանող հնագետը կտարբերի հնագույն գերեզմանները ժամանակակիցներից: Ադրբեջանի նման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան հայոց պատմական ժառանգության մշակութային ցեղասպանության շարունակություն: Միջազգային հանրությունը պետք է կատարվողին արձագանքի հավուր պատշաճի»,- ընդգծել է Բաբայանը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը վարվում է այնպես, ինչպես ժամանակին վարվել է Նախիջեւանում՝ վերացնելով հայկական խաչքարերը: