Գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշին կդառնար 91 տարեկան
Մարտի 1-ին անվանի գրող, կինեմատոգրաֆիստ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Նաումի Բակշին կդառնար 91 տարեկան։ Նա մահկանացուն կնքել է 2019թ. մարտի 5-ին։
Բակշին ծնվել է 1931թ. մարտի 1-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։
1964 թվականից Կիմ Բակշին զբաղվել է Հայաստանի հնագույն եւ ժամանակակից մշակույթով։ Ուսումնասիրել է Երեւանի Մատենադարանում, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, Բեյրութի Կիլիկյան կաթողիկոսությունում, Սպահանի Սուրբ Հիսուս Ամենափրկչի եկեղեցում եւ աշխարհի խոշորագուն գրադարաններում պահվող հին ձեռագրերը։
Հանրությանը հայոց պատմությանը, մշակույթին, հայ ժողովրդի հոգեւոր արժեքներին, նրա դարավոր ավանդույթներին, վեհաշուք բնությանը, ուրույն հուշարձաններին ծանոթացնելը դարձել էր նրա առաքելությունը։
Հայ-ռուսական բարեկամության եւ մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված բազմամյա բեղուն գործունեության համար Կիմ Բակշին արժանացել է Հայաստանի պետական պարգեւի՝ Պատվո շքանշանի։ Նա Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակի, Հայաստանի Գրողների միության Հովհաննես Թումանանի, «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակների դափնեկիր է։ Պարգեւատրվել է նաեւ «Մովսես Խորենացի» մեդալով (2001թ., Հայաստանի կառավարության կողմից), Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի (ՌՀՀ) «Պատվո շքանշանով» (2006թ., բազմամյա լուսավորչական աշխատանքի, հայ հին ձեռագրերի ուսումնասիրության, հայոց պատմության եւ մշակույթի հանրայնացման բեղուն աշխատանքի համար)։ Բակշին «Կարպիս Փափազյան» մրցանակակիր է (հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գրական գործունեության համար)։ Ռուսաստանի հայերի միությունը Կիմ Բակշիին պարգեւատրել է «Արծաթե խաչով», ավելի ուշ՝ «Ոսկե խաչով»։
Կիմ Բակշին հայոց պատմության եւ մշակույթի ուսումնասիրությանն է նվիրել կյանքի ավելի քան 50 տարիները։ Նա հեղինակն է «Մատենադարան» 20 մասանոց ֆիլմի, որն արժանացել է Հայաստանի պետական մրցանակի։ Համաձայն հանգուցյալի վերջին կամքի՝ գրողի աճյունի մի մասը հողին է հանձնվել Գառնիում եւ Շուշիում, եւ սա Հայաստանի հանդեպ Բակշիի սիրո եւս մեկ ապացույցն է։
«Արցախի հոգեւոր գանձերը» վերջին գրքի ճակատագիրը
«Արցախի հոգեւոր գանձերը» գիրքը ռուսերեն լույս է տեսել 2012թ., իսկ հայերեն՝ 2015-ին։ Բակշին, չնայած ծանր հիվանդությանը եւ վիրահատությանը, ավարտեց աշխատանքը։ Գիրքը հրատարակվեց։ Բայց հայերեն տպաքանակի մի մասը մնաց չիրացված, ինչը վշտացնում էր հեղինակին։
2012թ. Արցախի ղեկավարության խնդրանքով ռուսերեն լույս տեսավ Կ.Բակշիի «Արցախի հոգեւոր գանձերը» գիրքը, որը գեղարվեստական մեծ արժեք, ինչպես նաեւ քաղաքական եւ հայրենասիրական նշանակություն ունի, ինչի համար հեղինակը արժանացել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի «Պատվո շքանշանին»: Նշենք, որ ավելի վաղ՝ 2006թ., ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանը Կ.Բակշիին Հայաստանի քաղաքացիություն շնորհեց, ինչն առանձնահատուկ հպարտության առիթ էր գրողի համար։ 2015թ. լույս տեսավ գրքի հայերեն տարբերակը, որից հետո ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց 5 նախարարություններին ու Երեւանի քաղաքապետարանին լուծել գրքերի տարածման հարցը։ 4 նախարարություն ամբողջությամբ կատարեց պարտավորությունը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն ու մայրաքաղաքի քաղաքապետարանը՝ ոչ։
ԱԳՆ-ն 54 գիրք խնդրեց (այդքան գիրք էին խնդրել արտերկրում մեր դեսպանատները), սակայն 5 տարի անց դրանցից 33-ի համար այդպես էլ չի վճարվել: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանին, ապա այն խորհրդանշական մասնակցություն ունեցավ երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում (նախատեսված էր մեկական գիրք յուրաքանչյուր դպրոցի համար, իսկ դրանք մոտ 200-ն են, իրականում ձեռք բերվեց 10-ից էլ քիչ): Տպաքանակի մի մասը մնաց չվաճառված, իսկ հրատարակչական խումբը պարտքեր կուտակեց:
Բակշին մահից որոշ ժամանակ առաջ դիմել էր վարչապետ Ն.Փաշինյանին՝ մնացած տպաքանակի իրացման խնդրանքով, սակայն՝ ապարդյուն. նրա խնդրանքն ուշադրության չէր արժանացել:
Կիմ Բակշիի աճյունը մնացել է օկուպացված Շուշիում
Գրողի աճյունի մի մասը թաղվել է Գառնիում՝ «Քարերի սիմֆոնիայի» ստորոտում, մյուսը՝ Շուշիում՝ Նելսոն Ստեփանյան հրապարակում, եւ ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից։ 2019թ. հոկտեմբերի 5-ին Շուշիում տեղի ունեցած արարողությանը Ռուսաստանի հայերի միության մեծ պատվիրակություն էր մասնակցում։ Այժմ քաղաքը հանձնվել է նրանց, ովքեր ոչնչացնում են հայերի հետ կապված ամեն ինչ եւ Արցախ եկողներին ներառում սեւ ցուցակներում:
Լավագույն հարգանքը «Հայ ժողովրդի մեծ բարեկամի» հիշատակին, ինչպես նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագրում, կլինի տպաքանակի մնացած մասի իրացումը: